Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստներ Դավիթ Հարությունյանին, Կարեն Հարությունյանին եւ Վահագն Մինասյանին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով կատարված գործողությունների կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ին ասաց տղաների փաստաբան Տիգրան Սաֆարյանը։
Նշենք, որ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասը (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հիշեցնենք, սա այն հոդվածն է, որով 2008թ. մարտի 1-ից հետո դատել են բազմաթիվ քաղբանտարկյալների:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է նաեւ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը հայտնի է «Նավակ Ճոճողը» մականունով։
Երկու մարդ՝ Արսեն Ղազարյանը եւ Ալեն Սիմոնյանը, ազատ են արձակվել։ Այս պահին Կենտրոնի ոստիկանությունում է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։
Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։
Բախումների հետեւանքով տուժել է 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել է: Մարմնական վնասվածքներ է ստացել NEWS.am-ի թղթակիցը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























