Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, ազատականացվում է ԵՄ տարածք մուտք գործելու վիզային ռեժիմը, որը տեղի է ունենում սպասվածից արագ: Այս մասին այսօր` մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս նավասարդյանը, ով նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կառույցների Ազգային պլատֆորմի ստեղծման աշխատանքի համակարգողն է:
Նրա խոսքով, վիզային ռեժիմի ազատականացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ. «Սկզբից առանձին խմբերի համար, ինչպիսին են ուսանողները, գիտնականները, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, լրագրողները, հետո նաեւ ընդհանրապես: Երեւի դա միանգամից չի լինելու, կսկսեն միգուցե Ուկրաինայից եւ Մոլդովայից, հետո կամաց կամաց կգան արեւելք»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Նրա ներկայացմամբ, այս գործընթացի արագ տեմպերը պայմանավորված են նրանով, որ ԵՄ որոշ երկրներ ցանկանում են ազատականացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ, իսկ որոշ երկրներ էլ որպես դրան հակակշիռ նշում են, որ «եթե Ռուսաստանի համար վերացվում է, ուրեմն այս գործընկեր երկրներից գոնե առաջատարների համար էլ պետք է վերացվի, իսկ հետագայում նաեւ բոլորի համար»:




























