Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» եզրույթը, թե ոչ, կախված է նրանից, թե ապրիլի 12-13-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Վերջինս նշեց, որ հանդիպմանը նախագահները հավանաբար կքննարկեն, թե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը ի՞նչ է անելու, Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի մասին հարցն ի՞նչ է լինելու։

«Նախագահը կօգտագործի հետ քաշելու հաղթաթուղթը։ Դա այսօր այն հաղթաթուղթն է, որ Հայաստանը ունի։ Միակ հաղթաթուղթը, որ Հայաստանը կարող է օգտագործել, եւ հասնել Վաշինգտոն ու չօգտագործել դա, կարծում եմ, սխալ կլինի»,- նշեց Շաքարյանը՝ հավելելով, որ «Նախագահը Օբամայի հետ կհասնի ինչ-ինչ պայմանավորվածությունների եւ վերադառնալով, կամ ինքնաթիռում որեւէ հայտարարություն կանի, որտեղ կնշի, թե Հայաստանը ետ է քաշվում, կամ՝ Հայաստանը սառեցնում է բանակցությունները, կամ էլ եթե Էրդողանը վերջին պահին գնա ԱՄՆ եւ այնտեղ ինչ-որ բաներ պայմանավորվեն, հնարավոր է Թուրքիան որեւէ հայտարարությամբ հանդես գա, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կասի, որ հետ չենք քաշվում, որովեհտեւ որոշակի պայմանավորվածությունների ենք հասել»։