Նեպալի հեռավոր գյուղերից մեկում մայրն ու իր երկու երեխաները, ովքեր տառապում են մարդագայլի համախտանիշով, լազերային թերապիայի են ենթարկվել: Դա օգնել է նրանց վերականգնել մարդկային տեսքը:

Նեպալից Բուդատոկիների ընտանիքը բախվել է հազվադեպ հանդիպող հիվանդության, որը կոչում է ի ծնե աղվամազային հիպերտրիխիոզ(Hypertrichosis Lanuginosa), որը երբեմն  անվանում են նաեւ մարդագայլի համախտանիշ: 38-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների մոտ նկատվում են ավելորդ մազեր ճակատին ու մարմնի այլ մասերին, որտեղ սովորաբար մազեր չեն աճում: Բուժվելու հույսով ընտանիքը հաստատվել է երկրի հյուսիսում գտնվող քաղաքում, հաղորդում է Medikforum.ru-ն:

Կինը երեխաների հետ անցել է մազերի հեռացման ոչ ինվազիվ պրոցեդուրաներ, որոնք ապշեցուցիչ արդյունքներ են տվել: Ինչպես երեւում է լուսանկարներում, հիվանդները կերպարանափոխվել են: Իհարկե, նրանց արտաքինը մոդելի արտաքին չէ, սակայն դեմքը մյուս մարդկանց դեմքից չի տարբերվում: Հիվանդները հենց դրա մասին էին երազում:

Ի ծնե աղվամազային հիպերտրիխիոզն անբուժելի հիվանդություն է, սակայն դրա հետեւանքների՝ ավելորդ մազերի դեմ կարելի է պայքարել տարբեր կոսմետիկ միջոցների օգնությամբ: Ամենատարածվածը մազերի հեռացման լազերային մեթոդն է: Նշենք, որ բուժման այս տեսակը կողմնակի բարդություններ կարող է առաջացնել, ինչպես օրինակ դերմատիտների առաջացում ու զգայունության աճ: