Չեչեն անջատողականների առաջնորդ Դոկու Ումարովը նոր տեսաերիզում իր վրա է վերցրել մոսկովյան մետրոյում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը:
Ումարովի տեսաուղերձում, ինչպես նշում է BBC-ն, ասվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է՝ ի պատասխան Հյուսիսային Կովկասում ռուս իրավապահների գործողությունների:
Ումարովը պնդում է, որ Մոսկվայի ահաբեկչություններն իրականացվել են իր հրամանով, որպես «ԱԴԾ-ին հղած մաղթանք», մեղադրելով ուժայիններին եւ դաշնային կենտրոնին Ինգուշիայի խաղաղ բնակիչների սպանությունների մեջ: Նրա խոսքով, խաղաղ ռուսաստանցիները, որոնք պատերազմը տեսնում են միայն հեռուստացույցով, պետք է զգան, թե ինչ է դա:
Ումարովն ընդգծել է, թե իր մտահղացմամբ, մետրոյի պայթյուններին զոհ են գնացել ոչ ամենախեղճ մարդիկ եւ խոստացել է նոր ահաբեկչություններ իրականացնել:
«Մոսկվայի վրա հարձակումը Կովկասում խաղաղ բնակիչների շարունակական սպանությունների համար վրեժի օրինական գործողություն էր»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ վրացական ռուսալեզու «Առաջին կովկասյան» հեռուստաալիքը Ումարովի անունից ձայնագրություն է տարածել, որում նա պնդում էր, թե չի կազմակերպել պայթյունները՝ մեղքը բարդելով ռուսական հատուկ ծառայությունների եւ Վլադիմիր Պուտինի վրա:
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան երկու պայթյուն էր որոտացել Մոսկվայի «Լյուբյանկա» եւ «Պարկ Կուլտուրի» կայարաններում: Զոհերի թիվը հասնում է 39-ի: Եւս 72 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Զոհերի մեջ կա մի հայուհի՝ 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը, որը մահացել է հիվանդանոցում: Հիվանդանոցում են գտնվում եւս երկու հայեր, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են:




























