Այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ գոյություն ունեն մի շարք կարեւոր խնդիրներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հերթական ներկայացմանը:
«Ես չեմ կարող մեկնաբանել այս իրավիճակն ու որեւէ սպասելիքներ չունեմ: Ցավում եմ, որ Հայաստանի Ազգային Ժողովի օրենսդրական կանոնակարգը թույլ է տալիս քննարկման ներկայացնել հարց, որի վերաբերյալ երկրի գործադիր իշխանության ու խորհրդարանի գլխավոր հանձնաժողովի կողմից կայացված եզրակացությունները բացասական են»,- նշել է Վահրամ Աթանեսյանը՝ պարզաբանելով, որ ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովն ու ՀՀ արտգործնախարարությունը այս հարցի քննարկումը խորհրդարանում նպատակահարմար չեն համարում:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ քննարկմանն է ներկայացրել օրինագիծ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ: Նրա խոսքով՝ այս օրինագիծը քննարկման է ներկայացվում 2007թ.-ից: Քննարկումների ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար քարտուղար Հովհաննես Սահակյանը նշել է. որ Ղարաբաղի ճանաչման օգտին նոր գործոններ չկան, ու Փոստանջյանը պարզապես փորձում է ողջ աշխարհին ցույց տալ, որ խորհրդարանը դեմ է Ղարաբաղի ճանաչմանը:





























