Ոստիականներին հաջողվել է հայտնաբերել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շենքում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ հայտնողին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը, մարտի 29-ին, ժամը 13.52-ին, Արայիկ անունով ներկայացած անհայտ քաղաքացուց ոստիկանության տրանսպորտային վարչության հերթապահ մասում հեռախոսով ահազանգ էր ստացվել, որ Արցախի 32 հասցեում գտնվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղային դեպոյի կենտրոնական մուտքի մոտ ռումբ է տեղադրված:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբն ու համապատասխան գերատեսչությունների մասնագետները երկաթուղային դեպոյի կենտրոնական մուտքի դարպասների և հարակից տարածքների մոտ զննությամբ պայթուցիկ սարքավորում չէին հայտնաբերել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու կասկածանքով, մարտի 30-ին, ժամը 16.30-ին, Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/Բ շենքի թիվ 96 բնակարանից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արա Վ.-ն (մանկուց տառապում է «դաուն» հիվանդությամբ), որը խոստովանել է, որ մարտի 29-ին, ժամը 13.30-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, կեղծ ահազանգել և հայտնել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ դեպոյի կենտրոնական դարպասների մոտ ռումբ է տեղադրվել:
Սակայն մինչ օրս դեռ հայտնաբերված չէ Պետեկամուտների նախարարության Հարկային պետական տեսչությունում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը։




























