Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Չորրորդ հանդիպմանը հրավիրվել են շենքի բոլոր բնակիչները: Հիշեցնենք, որ նախորդ երեք հանդիպումների արդյունքում առաջին փուլով առաջնահերթության կարգով  25 բնակարանների բաշխման վերաբերյալ բնակիչների միասնական կարծիք չէր ձեւավորվել:  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նախորդ՝ հոկտեմբերի 9-ի քննարկմանը ներկա  բնակիչները միաձայն կողմ էին արտահայտվել առավել առաջնահերթ վերաբնակեցման անհրաժեշտություն ունեցող բնակարանների վերաբերյալ հնարավոր եզրակացություն ստանալու ակնկալիքով ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմելու որոշմանը: Սակայն քաղաքաշինության նախարարությունից ստացված գրությամբ չեն մատնանշվել հանրակացարանային շենքի առավել վտանգավոր հատվածների թվով 20-25 բնակելի տարածքները եւ միաժամանակ լիազոր մարմինը տեղեկացրել է, որ վթարային շենքերի փուլային վերաբնակեցման առաջնահերթությունը որոշելու մեթոդական հիմքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն: Վերոհիշյալից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանն առաջին փուլով 25 բնակարանների  բաշխման առաջնահերթության հիմք առաջարկել է ընդունել ՀՀ Կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» հ.432 որոշումը, որին հավանություն է տվել նաեւ   Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը: Բնակիչների կողմից առաջարկն ընդունվել է միաձայն: Սիսակյան 3 հանրակացարանային շենքի թվով 20 ընտանիքների բնակարաններ կհատկացվեն վերոհիշյալ որոշման այն դրույթներով, որոնք տարածվում են տվյալ շենքի բնակիչների վրա: Դրանք են.

1. Մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներ

2. Առաջին խմբի հաշմանդամներ

3. Կերակրողներից մեկին կորցրած`անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ

4. Երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ

Եվս 5 ընտանիքների բնակարանների հատկացման հարցը որոշվել է նիստին ներկա բնակիչների առաջադրումների եւ միաձայն քվեարկության արդյունքում: