Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) նախագահ Բերտրան Դելանոեի հրավերով Փարիզում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի հիսուն երկրներից ժամանած ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ, ասոցիացիային անդամակցող քաղաքների քաղաքապետեր,  տարածաշրջանային ղեկավարներ եւ պաշտոնատար այլ անձիք: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը: 

Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն: «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ  հասարակական եւ համերաշխ տնտեսության» խորագրով համաժողովի քննարկումներն ընթանում են երեք՝ «Խթանել Սոցիալական եւ համերաշխ տնտեսությունը։ Տեղական իշխանությունների դերը»,  «Աջակցություն բիզնեսի ստեղծման համար՝ ծառայություններ, ուսուցում, ֆինանսներ» եւ «Խթանել տարածքների համակարգումը եւ կայուն համագործակցության շրջանակները» աշխատանքային խմբերում։ 

Համաժողովի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ մի շարք քաղաքների քաղաքապետերի եւ այլ պաշտոնյաների հետ: