Հայաստանի բուհերը, անխոս, բարեփոխումների եւ նորամուծությունների կարիք ունեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը՝ մեկնաբանելով գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ բարձրագույն կրթության համակարգը վերափոխելու մասին առաջարկությունները:
Անդրադառնալով այն թեմային, որ մեր երկիրը կոնկրետ մասնագիտությամբ ամենաշատը 20-30 մասնագետների կարիք է ունենում, ուստի իմաստ չունի 200-300 մասնագետներ պատրաստել, ռեկտորը նշել է. «Սրա հետ կարելի է համաձայնել, եթե խոսքը որոշակի մասնագիտությունների մասին է: Բայց եթե խոսքը Ագրարային համալսարանի մասին է, ապա ես համաձայն չեմ տվյալ մոտեցմանը, քանի որ մեր ոլորտում բավական բյուջետային տեղեր են մնացել, բայց դա բնավ չի նշանակում, թե տվյալ մասնագետների պահանջարկ չկա: Ընդհակառակը, մեր վերջին 5 տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ Ագրարային համալսարանի շրջանավարտների մեծ մասը 3-4 տարում իրենց մասնագիտացմանը համապատասխան աշխատանք են գտնում:
Անգամ ավագ կուրսերի ուսանողներն են աշխատանք գտնում: Ինչ վերաբերում է մագիստրոսներին, ապա ավելի հեշտ է հաշվել չաշխատողներին»:
Պարոն Թարվերդյանը նշել է, որ բնականաբար հարց է ծագում՝ եթե ագրարային բարձրագույն կրթության պահանջարկ կա, ապա ընդունելության քննությունների ժամանակ ինչո՞ւ որոշ մասնագիտությունների գծով մրցակցություն չկա: Ամենայն հավանականությամբ դա կապված է հանրային կարծիքի հետ, քանի որ մարդկանց ավելի շատ գրավում են «էլիտար» մասնագիտությունները:
Միաժամանակ, դպրոցների շրջանավարտները պետք է իմանան, որ, սովորելով Ագրարային համալսարանում, նրանք իրենց մասնագիտությամբ, ամսական 300000-500000 դրամ աշխատավարձով աշխատանքի տեղավորվելու հնարավորություն են ստանում: Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, անասնաբույժների, սննդամթերքի անվտանգության մասնագետների, բույսերի պաշտպանության ագրոնոմների, հողաշինության ինժեներների, կադաստրի, ջրային ռեսուրսների պահպանման եւ օգտագործման եւ այլ մասնագետների մասին է:
«Մտածել, թե քանի որ որոշ մասնագիտությունների գծով ընդունվողների թիվը կրճատվել է, ուստի անհրաժեշտ է նաեւ նվազեցնել դասախոսների թիվը եւ միավորել ամբիոնները, սխալ է: Ագրոարդյունաբերական ոլորտը երկրում առաջնային է եւ, բնականաբար, կադրերի պահանջարկը գնալով կավելանա: Առանց մեր գյուղատնտես-մասնագետների Հայաստանը ապագայում չի կարող զարգանալ», – հավելել է ռեկտորը:
Արշալույս Թարվերդյանի կարծիքով՝ Սամվել Հարությունյանի մոտեցումներում հակասություն կա: Մի կողմից նա նշում է, որ բուհերի ֆինանսական վիճակը կախված է վճարովի ուսուցմամբ ուսանողների թվից, բայց միաժամանակ Հարությունյանը նման մոտեցումը անընդունելի է համարում, քանի որ դա ազդում է կրթության որակի վրա: Մյուս կողմից էլ նշվում է, որ պետք է ավելացնել դասախոսների աշխատավարձը, որպեսզի բարձրանա ուսուցման որակը, էլ ավելի կարեւոր է, որպեսզի պետական բուհերը անպայման իրենց բյուջեից 3-5% միջոցներ տրամադրեն գիտության զարգացման համար:
«Ագրարային համալսարանին ավելի շատ հավելյալ ծախսեր են հարկավոր, քան որեւէ այլ բուհի. արտադրական պրակտիկան, լաբորատորիաները, քիմիական ռեակտիվների համար ծախսերը, տարբեր փորձարկումների ծախսերը, պրակտիկանտների փոխադրման ծախսերը, գիտափորձարարական տնտեսություններ պահելը եւ այլն: Մենք հաճույքով արտաբյուջետային միջոցներ կհատկացնենք գիտությանը»,- նկատել է նա:
Ինչ վերաբերում մագիստրատուրային, ապա ըստ Թարվերդյանի, օրենսդրորեն սահմանված է, որ դա բարձրագույն կրթության երկրորդ աստիճանն է, այսինքն բակալավրը հնարավորություն է ստանում խորանալ այն մասնագիտությամբ, որ նա ստացել է առաջին աստիճանում։ Չի կարելի բակալավրի կրթություն ստանալ ինչ-որ բուհում ինչ-որ մասնագիտությամբ, հետո մագիստրատուրա ընդունվել մեկ այլ բուհում այլ մասնագիտությամբ։ «Պատահում է, որ հումանիտար կրթությամբ մարդիկ ցանկություն են հայտնում մեզ մոտ ստանալ մագիստրական կրթություն տեխնոլոգի կամ տնտեսագետի գծով, դա անթույլատրելի է։ Բակալավրիատն ավարտածներից մենք ընտրում ենք նրանց, ովքեր նպատակադրված գնում են դեպի գիտություն», - ասաել է նա։
Հայաստանի բուհերում բարեփոխումները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ եւ հաջողությամբ շարունակվում են: Ինչ վերաբերում է բուհերում եւ կրթական համակարգում ընդհանրապես կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին Սամվել Հարությունյանի առաջարկությանը, ռեկտորը համաձայն է նրա հետ։ Ըստ նրա՝ համակարգի բարեփոխումը հարկավոր է սկսել դպրոցից:
Ագրարային համալսարանի ռեկտորը կողմ է արտահայտվել համալսարանում որքան հնարավոր է շատ արտասահմանցի ուսանողներ ընդունելուն՝ նշելով, որ տվյալ պահին ասպիրանտուրայում իրանցի 200 ուսանող է սովոում: Ինչ վերաբերում է բուհերի վերակազմավորմանը եւ արեւմտյան տիպի հետազոտական համալսարանների ստեղծմանը, Թարվերդյանը ոչ միայն կողմ է դրան, այլեւ ընդգծել է, որ Ագրարային համալսարանն արդեն երկրորդ տարին է այդ ուղին է ընտրել:
Հիշեցնենք, NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել էր բուհերի բարեփոխման իր տեսիլը, որը բավական արմատական միջոցներ էր ներառում. բուհերի, դրանց ֆակուլտետների թվի նվազեցում, ուսանողների խիստ ընտրություն, դասախոսական կազմի երիտասարդացում: Հարությունյանը նաեւ առաջարկել էր, որպեսզի բուհերն իրենց միջոցներով ֆինանսավորեն գիտությանը եւ միայն առանձին բուհեր ունենան ասպիրանտուրա եւ մագիստրատուրա:
Հարությունյանը նաեւ մտադիր է Հայաստանում հետազոտական համալսարան բացել:





























