Հակառակորդը հիմնականում կրակ է բացել Վազաշեն գյուղի անտառի եւ ճանապարհով ընթացող քաղաքացիների ուղղությամբ, բայց, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազաշեն գյուղի գյուղապետ Լորիկ Բադիրյանը:
Նրա խոսքով, սովորաբար անտառում մարդիկ բերքահավաքի են լինում, սակայն բարեբախտաբար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անտառում մարդ չի եղել: «Մեզ համար դա սովորական երեւույթ է դարձել: Միշտ էլ կրակում են: Բնակիչները արդեն խուճապի էլ չեն մատնվում եւ այդ կրակոցները դպրոցի եւ մանկապարտեզի դասերի վրա չեն ազդում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչեւ 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը եւ ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էր Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մասնավորապես, կրակել էին Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաեւ՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ էր արձակվել գնդացիրներից, ինչպես նաեւ մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:
Գնդակոծության հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հայկական զինված ուժերը, կատարելով Պնախարար Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանել են լռություն:
«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը եւ անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,- նշել էր Հովհաննիսյանը:




























