Բիձինա Իվանիշվիլու քաղաքական խմբի ներսում գոյություն ունեն զանազան ու անգամ հակադիր մոտեցումներ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:
«Անհրաժեշտ է լավ հասկանալ, որ նոր Սահմանադրության համաձայն երկրի նախագահը պետության առաջին դեմքը չէ, ու այդ պատճառով խոսքը բացառապես ողջ իշխող խմբի կուրսի փոփոխության հնարավորության մասին է»,- նշել է քաղաքագետը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդման արարողությունը:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Գելա Վասաձեն ընդգծել է, որ նոր իշխանությունները շատ կցանկանային կարգավորել կոնֆլիկտը, սակայն բանն այն է, որ բանակցությունների համար առարկա չկա: Կրեմլն, ինչպես նշել է փորձագետը, առաջարկում է Վրաստանին հրաժարվել արեւմտյան կուրսից՝ առանց վիճելի տարածքների շուրջ հարցի լուծման: «Թբիլիսին, ընդհակառակը, զիջումներ է ակնկալում Կրեմլից՝ առանց արեւմտյան կուրսից հրաժարվելու: Արդյուքնում ունենք փակուղային իրադրություն, ինչպես որ նախորդ իշխանությունների օրոք, ուղղակի բարեհոգի ճարտասանությամբ»,- նշել է Գելա Վասաձեն:
Խոսելով Վրաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վավերացման մասին՝ փորձագետը կարծիք է հայտնել. «Պետք է որ, բավական լուրջ ուժեր Վրաստանում ու նրա սահմաններից դուրս շահագրգռված լինեն, որպեսզի չխափանվի Ասոցացման համաձայնագրի կնքումը, իսկ Մոսկվան այլեւս գրեթե լծակներ չունի»:
Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» գագթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում:





























