Եվրոպայի հիվանդությունների վերահսկման եւ կանախարգելման կենտրոնի (ECDC) նախաձեռնությամբ եվրոպական տարածաշրջանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, նշում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության իրազեկման օրը:
Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ հանրությանը հիշեցնելու հակաբիոտիկների խելամիտ օգտագործման կարեւորության մասին:
Այս տարի հակաբիոտիկների նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկման օրը ԱՀԿ եվորպական տարածաշրջանը նշում է «Չկա գործողություն այսօր, չկա բուժում վաղը» կարգախոսով:
Հակաբիոտիկների հայտնաբերման շնորհիվ փրկվել են միլիոնավոր կյանքեր, սակայն դրանց չարաշահումն այսօր զրկում է շատերին արդյունավետ բուժման հնարավորությունից: Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն աճում է, արդյունավետ հակաբիոտիկների թիվը` կրճատվում: Դեղակայուն վարակների բուժումը ոչ միայն ծանր առողջապահական, այլեւ շատ լուրջ տնտեսական խնդիր է: Եվրոպական տարածաշրջանում արդեն իսկ արձանագրվում են մեծ դժվարությամբ բուժման ենթարկվող վարակների դեպքեր, որոնց բուժումը մոտ 100 անգամ ավելի թանկ է:



























