Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-23-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի նպատակը Փարիզի փաստաբանական միության հետ գործընկերության ամրապնդումն ու խորացումն է, որը կարող է հնարավորություն ընձեռել համագործակցություն ստեղծել Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական այլ երկրների փաստաբանական միությունների եւ միջազգային կազմակերպությունների համար: Այցի շրջանակներում քննարկվելու է
ԿԱՐՊԱ-ի հետ հարաբերությունները, հատկապես՝ Պալատի կողմից վերջերս ԿԱՐՊԱ-ների միջազգային միությանն անդամակցելու տեսանկյունից, բացի այդ նաեւ անվճար իրավաբանական օգնության թեման, փաստաբանների վարքագիծը եւ կարգապահական վարույթները, պարտադիր վերապատրաստումը եւ այլն: Նախատեսվում է նաեւ ուսումնասիրել Միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամակցելու հեռանկարը: Նոր կապեր կհաստատվեն հայ փաստաբանների հետ, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ համատեղ նախաձեռնությունների համար:
Նախատեսվում են հանդիպումներ ԿԱՐՊԱ-ի Ազգային միության նախագահ Ժան Շարլ Կրեբսի, Փարիզի փաստաբանական միության նախագահ Կրիստիան Ֆերալ Սչուհլի հետ, որի ընթացքում նախատեսված է նաեւ հուշագրի ստորագրում: Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ Երիտասարդ փաստաբանների միությունների ազգային ֆեդերացիայի եւ Ֆրանսիայի հայ փաստաբանների եւ իրավաբանների ֆրանսիական միության հետ:
Այցն իրականացվելու է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ:



























