Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում նոյեմբերի 15-ին մեկնարկել է «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Փառատոնի շրջանակներում այս տարի կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր:

Գլխավոր միջազգային մրցույթն այս տարի կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում է ընդգրկված նաեւ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

«Եվրասիա» միջազգային մրցութային ժյուրիի կազմում է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Տալլինի «Մութ գիշերներ» փառատոնի շրջանակներում հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ը կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների  աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել  2000 թ.-ից  սկսած: