Ինսուլտից հետո մարդիկ հաճախ կորցնում են ձեռքերն աշխատեցնելու կարողությունը: Մինեսոտայի համալսարանի աշխատակիցները հատուկ վերականգնողական մեթոդ են փորձարկել: Հիմքում «Վիրտուալ ձեռքեր» ծրագիրն է:
Այն աշխատում է նեյրոհամակարգչային ինտերֆեյսում, որը ձեռքերը կառավարելու ունակությունից զրկված հիվանդներին հնարավորություն է տալիս մարզվել: Վերականգնողական սեանսի ընթացքում բժիշկը հիվանդի ձեռքը թեքում է տարբեր կողմեր, նրան առաջարկելով պատկերացնել, որ հենց ինքն է շարժում այն:
Էկրանին զուգահեռ ցուցադրվում են ուղեղի ակտիվության ցուցիչները: Ինտերֆեյսը մարդուն հնարավորություն է տալիս մտովի կառավարել վիրտուալ ձեռքը` մարզելով իրականում ձեռքերը շարժելու համար անհրաժետ ուղեղի հատվածները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Վերականգնողական մեթոդն ստուգել են վեց հիվանդների վրա (մի քանի սեանս` երկու ժամով): Նրանց ակնոց են տվել` ձեռքերի եռաչափ պատկերի խաբկանք ստեղծելու համար: Բուժման փուլի ավարտին հիվանդները 81% ճշգրտությամբ կարողանում էին կառավարել վիրտուալ ձեռքերը: Գիտնականները փորձը դրական են գնահատում եւ սպասում են ավելի զանգվածային հետազոտության անցկացման:





























