Որքան շատ է կինն աշխատում ժամանակավոր հիմքերի վրա, այնքան քիչ է հավանականությունը, որ նա մինչեւ 35 տարեկանը մայր կդառնա, պարզել են ավստրալացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Human Reproduction ամսագրում:
Նախկինում արդեն ուսումնասիրվել էր կապը զբաղվածության ու հասակի միջեւ, երբ կանայք երեխա են ունենում. իրենց հետազոտության մեջ գիտնականները պարզել են, կախված է արդյոք ընտանիք կազմելու որոշումն այն հանգամանքից, թե որքան երկար է կինն աշխատել ժամանակավոր հիմունքներով:
Նրանք հարցում են անցկացրել 32-35 տարեկան 663 կանանց շրջանում. Նրանց հարցնում էին, ինչ հաճախականությամբ են նրանք հարաբերություններ ունեցելմ ունեն արդյոք երեխաներ, թե ոչ ու որտեղ են աշխատել 15 տարեկանից սկսած: Փորձի ընթացքում հարցվածների միայն 11 տոկոսն էր ժամանակավոր աշխատանք ունեցել, մեծ մասի մոտ աշխատանքը մշտական էր, իսկ 225 կին առհասարակ ժամանակավոր չէր աշխատել: 442 կին նվազագույնը մեկ երեխա ուներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գիտնականները համեմատել են տվյալներն ու պարզել, որ ժամանակավոր հիմունքներով աշխատող կանանց շրջանում մինչեւ 35 տարեկանը մայրանալու հավանականությունը նվազում էր. մեկ տարվա աշխատանքից հետո՝ 8 տոկոսով, երեք տարվա՝ 23 տոկոսով, իսկ հինգ տարվա՝ 35 տոկոսով: Ընդ որում արդյունքը կախված չէր կանանց սոցիալ-տնտեսական դիրքից կամ բարձրագույն կրթությունից:





























