Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ազգի դավաճան է իր այդ հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացման» նախաձեռնության անդամ, գրող, արձակագիր Արամ Պաչյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարարի՝ «հայերենը պետական, ռուսերենը՝ աշխատանքային լեզու» լինելու մասին հայտարարությանը:
«Ինչ է նշանակում տեխնիկական լեզու, եթե մենք ունենք պետություն, մենք ազգ ենք, մեր լեզուն հայերենն է,դ րանով ամեն ինչ ասված է, ինձ թվում է՝ դա վերջին ոտնձգությունն է: Պետք է անմիջապես հեռացնել այդ պաշտոնյային, թեեւ մյուս կողմից ինչի՞ մասին է խոսքը, երբ մեր կառավարության մեջ բոլորը նույն մարդիկ են, զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդ համարձակվել նման բան ասել:
Դա այլանդակության վերջին կատեգորիան է, որին հասել ենք ու չգիտեմ, թե սրա դեմ ինչ պետք է արվի: Կարծում եմ՝ մի տեղ ենք հասել, որտեղից էն կողմ Հայաստանի գոյատեւման հարցն է, մեզ մնում է միայն լեզուն այս ամեն ինչի մեջ ու այսօր այդ մարդը, լինելով Կրթության եւ գիտության նախարար, նման հայտարարություններ է անում, ինձ թվում է՝ այդ մարդը Հայաստանում անելու եւ լինելու բան չունի, սա իրոք դավաճանություն է»,- ասաց Արամ Պաչյանը:
Նա նշեց, որ Աշոտյանի հայտարարությունների վրա չի էլ զարմանում, քանի որ «երբեք էլ հայերենը իր լեզուն չի եղել, դա նկատելի է իր գրառումներից, իր պահվածիքց, Հանրապետական ոհմակից, դժվար Աշոտյանը այդ լեզվի կրողը լինի»:
«Ինձ թվում է Հայաստանը իրենք վաղուց տվել են, հիմա ամեն ինչ պետք է անեն, որ փաստաթղթային ձեւով հիմնավորեն ՝առանց հաշվի առնելով, թե ժողովուրդ ինչ է ուզում, դա նշանակում է, որ մենք ոչինչ ենք»,- ասաց գրողը:
Հիշեցնենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծիք էր հայտնել, որ «Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա, եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետեւ բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերենով, եւ Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»:
Իսկ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել էր նաեւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել եւ ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը եւս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:




























