Մենք պետք է մինչեւ բուժհաստատությունների հետ պայմանագրեր կնքելը լիովին հստակեցնենք համագործակցության կանոնները, որպեսզի այս օղակում հնարավորինս բացառենք կամայականություններն ու ստվերային երեւույթները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Առողջապահության նախարարությունում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է նախարար Դերենիկ Դումանյանը:

Խորհրդակցության ժամանակ կետ առ կետ քննարկվել են շահագրգիռ բոլոր կառույցներից ստացված առաջարկների  հիման վրա մշակված, առաջնահերթ լուծում պահանջվող միջոցառումները`  ուղղված ոլորտում առկա բացթողումների եւ անառողջ երեւույթների դեմ պայքարին, ինչպես նաեւ ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելուն։ Իրավական կարգավորման, կառավարման արդյունավետության բարձրացման, ֆինանսական կարգավորման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, իրազեկման բարձրացման ուղղությամբ նախանշված մոտ 25 միջոցառումները պետք է իրականացվեն մինչեւ տարեվերջ։ Դրանք առավել հստակ ու  նպաստավոր պայմաններ կապահովեն պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության որակի ապահովման, դրա նկատմամբ վերահսկման գործուն մեխանիզմի ներդրման, պետական միջոցների արդյունավետ եւ կիրառման թափանցիկության ապահովման համար։ 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ծրագրային դրույթների կատարման պատասխանատուներից  յուրաքանչյուրին հանձնարարականներ տվեց` պահանջելով տեղավորվել սահմանված ժամկետների մեջ։

Հավանության է արժանացել համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, ինչպես նաեւ ոլորտում առկա բացթողումների եւ անառողջ երեւույթների դեմ պայքարի նպատակով անկախ հանձնաժողովի նախնական ցանկը։ Այն համալրելու առաջարկն ընդունվել է։

Որոշվել է նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարմանն անդրադառնալ հաջորդ շաբաթ։