Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն, ուր նախ ծանոթացել է առկա հնարավորություններին եւ իրականացվող ծառայությունների ծավալներին, ապա հանձնարարել է կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիր մշակել:

Հանրապետությունում մասնագիտական միակ կենտրոնում իրականացվում են ինչպես հիվանդանոցային, այնպես էլ` ամբուլատոր-պոլիկլինիկական եւ խորհրդատվական ծառայություններ, դիսպանսեր հսկողություն։ Այստեղ են կենտրոնանում եւ վերլուծվում մարզերի համանման ծառայությունների հաշվետվությունները։ Կենտրոնը նաեւ բժշկական բուհերի եւ քոլեջների կլինիկական բազան է, որտեղ մասնագիտանում է մոտ 5000 ուսանող։

Այնուհետեւ բուժանձնակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են առկա խնդիրներն ու զարգացման հնարավոր ուղիները։  Մասնագետներն իրենց անհանգստությունն արտահայտել են այն առթիվ, որ մայրաքաղաքի շատ կաբինետներում սեռավարակների ու մաշկային հիվանդությունների բուժում իրականացվում է առանց պատշաճ վերահսկողության, ինչի պատճառով սխալ ախտորոշման ու բուժման արդյունքում երբեմն հիվանդները մասնագիտական կենտրոն են դիմում հիվանդության բարդացված վիճակում։ Դժգոհություններ են հնչել լաբորատորիաներում օգտագործվող ռեակտիվների որակից, առանձին ծառայությունների ոչ բավարար ֆինանսավորման առթիվ։

Դերենիկ Դումանյանը կենտրոնի ղեկավարության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն այլ բուժհաստատությունների, այստեղ ներդրված համավճարի համակարգը ֆինանսական սպասված մուտքեր չի ապահովել, կենտրոնում ցածր են բժիշկների եւ բուժքույրերի միջին աշխատավարձերը, թույլ է կապը մարզերի համանման ծառայությունների հետ։ Նախարարը հանձնարարել է կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիր մշակել, ինչպես նաեւ մարզերում գլխավոր մասնագետների ինստիտուտ ստեղծել եւ սերտորեն համագործակցել նրանց հետ։ Կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանին հանձնարարեց որպես նախարարության գլխավոր մասնագետ ընդգրկվել բուժման ուղեցույցների եւ չափորոշիչների մշակման գործում։ Առաջարկեց խմբեր ստեղծել եւ ուսումնասիրել ինչպես Երեւանի տարբեր կաբինետներում, այնպես էլ մարզերում այս ոլորտում իրականացվող ծառայությունների որակը։ Դերենիկ Դումանյանը միաժամանակ խոստացավ ընթացք տալ նախարարության իրավասությամբ լուծվող խնդիրներին, մասնավորապես` հանձնարարել մեխանիզմներ մշակել ինչպես լաբորատորիաներ-կենտրոն կապի, ռեակտիվների որակի նկատմամբ հսկողության ապահովման, այնպես էլ` կենտրոնի ֆինանսավորման որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։

Դերենիկ Դումանյանն այցելել է նաեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն։ Այստեղ է իրականացվում Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների բուժումն ու դիսպանսեր հսկողությունը։ Ի դեպ, նրանք նախարարին իրենց գոհունակությունը հայտնել են թե բուժման որակի, թե բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի առթիվ։ Նախարարն այցելել է նաեւ այրվածքային բաժանմունքի հիվանդասենյակներ, ծանոթացել կենտրոնի նոր սարքավորումների հնարավորություններին։

Կենտրոնում կարողացել են խնայված միջոցների հաշվին վերանորոգել բաժանմունքները, վերջին սերնդի որոշ սարքավորումներ ձեռք բերել։ Իսկ համավճարի ներդրման շնորհիվ զգալի բարձրացել է բժիշկների աշխատավարձը։