Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երեւանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար եւ շնորհավորել Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ-ի նախագահության կապակցությամբ:

Նահանգապետը նշել է, որ Էլ-Քուվեյթում գործում է հայկական եկեղեցի, եւ հայկական համայնքն իր ուրույն դերակատարումն ունի Էլ Քուվեյթի հասարակական ու տնտեսական կյանքում: Նա նաեւ հավելել է, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը նպատակ ունի էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկու երկրների միջեւ առկա կապերը, այդ թվում՝ հատկապես Երեւան քաղաքի հետ  համագործակցություն ձեւավորելու եւ խորացնելու տեսքով: Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին երկարակեցություն է մաղթել հայոց հոգեւոր առաջնորդին` ի փառս հայ ժողովրդի բարօրության:

Իր հերթին ողջունելով հյուրերին՝ Գարեգին Բ-ն նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ առաջընթաց են արձանագրում, եւ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունն ավելի սերտացնելու համար: Ամենայն հայոց հայրապետը հակիրճ ներկայացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների համար եւ ընդգծել, որ Մայր աթոռն ակտիվ գործակցել է նաեւ արաբական աշխարհի այն երկրների հետ, որոնցում կան հայկական գաղթօջախներ:

Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաեւ Մայր տաճար, շրջել եւ ծանոթացել է տաճարի թանգարանի եւ գանձատան բացառիկ ցուցանմուշներին: