Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանը ԼՂՀ-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի խոսել միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:
Նա նշեց, որ դեռ որդուն չի տեսել, բայց տեղյակ է, որ նա միջադեպից չի խոսել, ընդամենը զեկուցել է զինվորական գործի մասին: Հայրը նրան ոչինչ չի հարցրել, երբ գա Գորիս, այն ժամանակ էլ կզրուցի:
Ի դեպ, Էմիլ Բուդաղյանը եւս դիմել է դատարան՝ բողոքարկելով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը: Փաստաբանի կողմից ավելի վաղ բողոքարկել էր քննիչի երեք որոշումները, որոնք քննվում են մեկ գործի տակ, չի բացառվում, որ Էմիլ Բուդաղյանի բողոքը եւս այդ գործի տակ քննվի:Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Սեպտեմբերի 7-ին Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել:
Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:





























