Մոսկվայում սպանված քրեական աշխարհի պարագլուխ «Դեդ Հասանի» աթոռի հիմնական հավակնորդ Զաքարի Քալաշովը («Շաքրո Մոլոդոյ») իսպանական բանտից պետք է հոկտեմբերի 12-ին արդեն ազատված լիներ, բայց գործընթացը ձգձգվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական աշխարհի մասին գրող Սերգեյ Գալոյանը: «Հիմա նրա ազատման ձգձգման պատճառը փաստաթղթային ձեւակերպումներն են: Այլ պատճառ չկա: Նրա դեմ նոր մեղադրանքներ չկան»,- ասաց գրողը:
Դիտարկմանը, թե նրա ազատ արձակման երկարաձգումը ստորացման նշան չէ Գալոյանն ասաց. «Աշխարհում մարդուն տարբեր ձեւերով են ստորացնում: Այնտեղ էլ կարող են մարդուն ստորացնել: Գիտեք ինչ, կրիմինալ աշխարհի ոչ մի ներկայացուցիչ իշխանավորների եւ իրավապահների աչքի լույսը չէ, այնպես, որ ամեն ինչ կարող են անել: Բայց դա հայի, վրացու, իսպանացու, ռուսի հետ կապված չէ»,- ասաց գրողը:
Նշենք, որ 59-ամյա Շաքրոն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, ԱՄՆ-ում ընդգրկված է «Եղբայրություն» ցանկի մեջ: Նա ծնվել է Թբիլիսիում, եւ, ինչպես Դեդ Հասանը, ազգությամբ եզդի է: Նա բազմաթիվ թշնամիներ ունի, մի քանի անգամ մահափորձ է կատարվել նրա դեմ: 1999թ. Շաթրոն տեղափոխվել էր Իսպանիա եւ հանգրվանել Կոստա-դել-Սոլ առողջարանում: 2005թ. Իսպանիայում «Բոռ» գործողություն էր եղել եւ Շաքրոյի շատ մտերիմներ բանտարկվել էին, իսկ նա փախել էր Արաբական Միացյալ Էմիրություններ: Այնտեղ նրան ձերբակալել եւ հետ էին ուղարկել` դատապարտելով 7,5 տարվա ազատազրկման: Վրաստանում էլ նրան հեռակա դատապարտել են 11 տարվա ազատազրկման` մի գործարարի առեւանգման համար:




























