Սուրբ Հարությանը տոն Հայ եկեղեցու համար առանցքային նշանակություն ունի. այն 35 օրվա շարժականությամբ է եւ հաշվվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը։ Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման պարզաբանումներով հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ Խաչատրյանը։

Նշելով, որ Սուրբ Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 4-ին, նա հիշեցրեց, որ Զատկի տոնն իրականում սկսվում է այսօր՝ եկեղեցիներում մատուցվող ճրագալույցի պատարագի արարողությամբ. «Երեկոյան ժամերգության ավարտից հետո 49 օր շարունակ պահքի մեջ գտնվող մարդկանց եւ ոչ միայն նրանց համար խորանից մոմեր են իջեցվում, որոնցից հավատացյալները վառում են իրենց ճրագները եւ դրանք տանում իրենց տներ,- տեղեկացրեց տեր Հակոբ քահանա Խաչատրյանը,- հետեւաբար Սուրբ Հարության տոնը „Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի“ բառերով ազդարարվում է արդեն այսօր երեկոյան»։

Անդրադառնալով Զատկի սեղանին դրվող կերակուրներին, այն է՝ ներկած հավկիթ, ձուկ, չամչով փլավ եւ տապակած կանաչիներ, հոգեւոր հովիվը ընդգծեց, որ դրանք, թեթեւ եւ հեշտ մարսելի լինելով, նպատակ ունեն չծանրաբեռնել պահքից դուրս եկողի ստամոքսը. «Ինչ վերաբերում է Սուրբ Հարության տոնին ձուն կարմիրով ներկելուն, ապա Գրիգոր Տաթեւացու կողմից դա բացատրվում է հետեւյալ կերպ. կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը նա հեղեց մեզ՝ բոլոր մեղավորներիս համար, ձվի սպիտակուցը՝ ջուրն է, դեղնուցը՝ երկրագունդը, իսկ ձուն ամբողջությամբ խորհրդանշում է ողջ աշխարհը։ Իսկ բրնձով փլավի միջի չամիչները խորհրդանշում են այն քիչ հավատացյալներին, ովքեր կփրկվեն Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ»,- տեղեկացրեց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ թյուր է այն կարծիքը, թե ննջեցյալներ ունեցող ընտանիքները չպետք է ձուն կարմիրով ներկեն։

Նրա խոսքով, իր մեջ հատուկ խորհուրդ է պարունակում նաեւ «ձու կռվեցնելը». «Ձու խաղալը մարդու՝ իր նմանների հետ տոնի ուրախությունը կիսելու խորհուրդն ունի»,-ամփոփեց նա։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցնում են խաչից եւ դնում վիմափոր գերեզմանի մեջ՝ այն փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գալիս են գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսնում են, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներին, այդ թվում՝ Զատկին, հաջորդող օրերը մեռելոց օրեր են եւ հայտարարված են ոչ աշխատանքային։