Ապրիլի 3-ին Ազգային Ժողովում կոալիցիոն ուժերը քննարկել են ՀՅԴ-ի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները եւ բոլորն էլ մերժել է: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ըստ որի՝ պետք է ԱԺ-ն հնարավորություն ստանա վերապահումներ անել միջազգային պայմանագրերում, ինչպես նաեւ հստակեցվեն դրանց կասեցման ու դադարեցման հիմքերը: Դրանից բացի, մերժվել է նաեւ «Հայրենատիրության օր» սահմանելու ՀՅԴ-ի առաջարկությունը:
Այս կապակցությամբ, Ա. Մինասյանն ասաց, որ պետաիրավական հանձնաժողովի անդամներն, ինչպես նաեւ մշակույթի նախարարը Նժդեհ չեն կարդացել, հակառակ դեպքում չէին առաջարկի նախ սահմանել, թե ինչ է հայրենատիրությունը: Նա տեղեկացրեց, որ վաղվա ԱԺ նիստում ՀՅԴ պահանջով արտահերթ նիստ է հրավիրվելու այս օրինագծերի վերաբերյալ: «Հույս ունենք, որ կոալիցան ներկայացնող պատգամավորների մի մասը կգիտակցի այս հարցերի կարեւորությունը, եւ մեր առաջարկած օրինագիծը կմտնի օրակարգ»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:




























