Թուրքական Taraf թերթի հրապարակած «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի հետաքննությունը ընթանում է լուրջ սկանդալներով:

Այս տարվա փետրվարի 22-ից սկսված աննախադեպ ձեբակալությունների շարքին հաջորդեց կասկածյալների ազատ արձակումը տարբեր հիմնավորումով: Ձերբակալված 41 հոգուց մարտի 31-ի դրությամբ կալանավայրում էր մնացել ընդամենը 6 հոգի: Սակայն «Մեծ մուրճի» հետքննությունը վարող դատախազները բողոքարկել են դատարանի վճիռը եւ պահանջել կրկին կալանել ազատ արձակվածներին: Ըստ այդմ, Ստամբուլի 12-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանը որոշում է կայացրել կալանել 21 հոգու:

Դատախազների ցուցումով, Թուրքիայի 14 նահանգներում սկսվել է ձերբակալությունների նոր ալիք, որով նախատեսվում էր բերման ենթարկել 95 հոգու: Սակայն հանկարծակի Ստամբուլի գլխավոր դատախազը կասեցնում է ձերբակալությունների հրամաններ արձակած երկու դատախազների իրավասությունները եւ նրանց փոխարեն նշանակում նոր դատախազների: Արդեն ձերբակալված 86 զինվորականներով էլ կասեցվում է ձերբակալությունների շարքը: Դատախազների իրավասությունների դադարեցումը մեծ իրարանցում է առաջացրել դատախազական եւ փաստաբանական շրջանակներում: Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Թուրան Չոլաքադը նշել է, որ դատախազներին փոխելը մտնում է իրենց իրավասությունների մեջ: Իրավասությունից զրկված երկու դատախազները նշել են, որ իրենք, ոչ գրավոր, ոչ բանավոր ցուցում չեն ստացել իրենց պարտականությունների դադարեցման մասին: Երկու դատախազներին հեռացրած Ստամբուլի գլխավոր դատախազ Աքյութ Ջենգիզ Էնգինը ոչ մի հայտարարություն չի արել եւ անջատել է հեռախոսը:

Նշենք, որ Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։