Այսօր` ապրիլի 6-ին Երեւանում իր աշխատանքն է սկսում «Արդարություն. Նոր մարտահրավերներ» անվանումը կրող երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH): Համաժողովն իր ուշադրությունը կսեւեռի անկախ դատարաններում իրավական պաշտպանության արդյունավետության խնդրի վրա:
Այսօր այդ համաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը եւ ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն:
Երեւանում Լենարիչը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, ինչպես նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:
Քննարկվելու են մի շարք հարցեր՝ կապված ԺՀՄԻԳ-ի համագործակցությամբ Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների իրականացման, նաեւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ԵԱՀԿ առաջարկությունների կատարման ընթացքն արագացնելու հետ:
Իսկ Ստեֆան Ֆյուլեն իշխանական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում կքննարկի ԵՄ-ի «Արեւելյան գորընկերություն» ծրագրին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ԵՄ ասոցիացված անդամ դառնալու հեռանկարները:




























