Համագործակցությունը Եվրոպական Միության հետ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Այդ մասին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նկատելով, որ «այդ հետաքրքրությունը փոխադարձ է, ինչի վկայությունն են վերջերս ԵՄ բարձր պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան»: «Պարոն Ֆյուլեի այցը լավ առիթ է Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցին ընդառաջ քննարկելու ՀՀ-ԵՄ օրակարգը եւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերի հստակեցումը»,- նշել է Նալբանդյանն ու հավելել. «Եվրամիությունը Հայաստանի համար վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր է: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են զարգացման փուլում, ԵՄ հետ համագործակցությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով»:

Ըստ նախարարի՝ այս առումով հայկական կողմը հատկապես կարեւորում է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը:

Էդվարդ նալբանդյանը նշել է նաեւ, որ հանդիպման ընթացքում ինքն ու ԵՄ հանձնակատար Ֆյուլեն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: