Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գլխավոր հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «Der Spiegel»-ին տրված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, եւ 2009թ. հուլիսին բացահայտված մադրիդյան սկզբունքները, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի իրավականորեն կամարտահայտության միջոցով, հակասում են իրար, Նալբանդյանը նկատել է, թե «մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ ոչ միայն մենք, եռանախագահներն էլ են հասկանում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ գլխավոր հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է»,- ասել է Նալբանդյանն ու հավելել. «Համապատասխան այդ համատեքստին, հանրապետության նախագահի հայտարարությունը խոսում է հենց դրա մասին: Եվ եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, մնացած հարցերը ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների ու լուծումների գալ»,- նշել է Նալբանդյանը:




























