ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ից, հավաքվել էին ԱԺ-ի դիմաց՝ սպասելով կենսաթոշակների մասին հարցի քննարկման ոորոշմանը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ոստիկանները մոտեցել են հավաքվածներին եւ հայտնել, որ պետական միջոցառում պետք է տեղի ունենա եւ տարածքը ազատեն՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Նրանք ցուցարարներին առաջարկել են վաղը գալ: ԱԺ-ից դուրս է եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, եւ ցուցարարները հայտնել են, որ ոստիկանները նրանց թույլ չեն տալիս կանգնել: Պատգամավորի եւ ոստիկանների միջեւ խոսակցություն է եղել: Ոստիկանները արգելում են ակցիայի մասնակիցներին կանգնել փողոցի աջ ու ձախ մայթերի վրա եւ պահանջում են ազատել դրանք, նրանք էվակուացրել են մեկ մեքենա:
ՏՏ ներկայացուցիչները իրենց հետ սեւ փուչիկներ էին բերել: Իսկ թե դա ինչ է խորհրդանշում, նրանք նշեցին, որ դա իրենց ապագան է, եթե այսպես շարունակվի: Այնուհետեւ ԱԺ-ից դուրս են եկել Արծվիկ Մինասյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ովքեր տեղեկացրել են, որ քվեարկություն տեղի կունենա վաղը ժամը 12.00-ին:


































