Լիբանանյան Տրիպոլիում բախումները բարեբախտաբար չեն տարածվում  երկրով մեկ, NEWS.am-ի թղթակցին ասաց Լիբանանում հրատարակվող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ անդրադառնալով  իշխանամետ եւ հակակառավարական խմբավորումների միջեւ նախօրեին տեղ գտած  բախումներին:

Ըստ նրա`Տրիպոլիում իրավիճակը լարված է, սակայն այն ծայրահեղ չէ այն տեսանկյունից, որ վերջին ժամանակներս Հյուսիսային Լիբանանի եւ հատկապես Տրիպոլիի շրջանները պարբերաբար դառնում են նման իրադարձությունների ասպարեզ: «Իրավապահ մարմինները եւ բանակը մշտապես միջամտում են` հրադադար եւ խաղաղություն հաստատելու համար», - ասել է նա, ընդգծելով, որ անհանգստացնում է խնդրի գլոբալ լուծման հեռանկարի բացակայությունը:

Շահան Քանդահարյանը հիշեցրել է, որ Տրիպոլիում փոքր հայկական համայնք կա: «Մենք կապ ենք պահպանում հայ համայնքի պատասխանատուների հետ, որոնք մեզ վստահեցրել են, որ բարեբախտաբար, համայնքը մարդկային եւ նյութական կորուստներ չի կրել», - ասել է Լիբանանում  լույս տեսնող «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիրը:

Հիշեցնենք, որ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում կիրակի իշխանամետ եւ հակակառավարական խմբավորումների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է  16 մարդ: Եվս 40 մարդ վիրավորվել է: