Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռեւս ունեն ինտեգրման եւ հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը եւ իրավախախտների անպատժելիությունը: Այս մասին նշված է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ՄԻՊ-ի տարածած ուղերձում:
Ուղերձում ասվում է.
«Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ եւ մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: Այս օբյեկտները պետք է հարմարեցվեն պատկան մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, սակայն շարունակվում են անտեսվել: Իսկ որեւէ հարմարեցման աշխատանք էլ կատարվելու դեպքում, այն շահարկվում է պետական մարմինների կողմից ցույց տալու համար ոլորտում աշխատանքի արդյունքներ:
Պետական չինովնիկները մոռանում են հաճախ, որ շենքերի մատչելիությունը, տրանսպորտի հարմարեցումը, դպրոցների եւ խաղահրապարակների ներառական դիզայնով կառուցումը պետության պարտականությունն է եւ չպետք է մատուցվի հաշմանդամին որպես «բարի գործ» կամ «լավություն»:
Ինտեգրման համար մյուս կարեւոր խնդիրը համատարած գործազրկությունն է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Հազարավոր հաշմանդամներ դեռեւս սպասում են, որ Հայաստանի Կառավարությունը վերջապես իրենց կապահովի համապատասխան աշխատատեղերով՝ օրենքում սահմանելով պարտադիր աշխատանքային քվոտաներ:
Գործազրկության եւ չնչին պետական թոշակի պայմաններում առավել սրվում է հանրային տրանսպորտի անմատչելիության հարցը, քանի որ հաշմանդամի՝ միայն տանից դուրս գալը կապվում է մեծ ծախսերի հետ: Եվ չնայած արդեն երրորդ տարին է լրանում, որ Պաշտպանի աշխատակազմը բարձրաձայնում է հանրային տրանսպորտի հարմարեցման հարցը, այն շարունակում է մնալ չլուծված, իսկ հիմա էլ տեղափոխվել է Երեւանի քաղաքապետարանի հաջորդ տարվա ծրագրի մեջ: Անկախ ունեցած միջազգային պարտավորություններից՝ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս լիարժեք եւ արդյունավետ կերպով չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ հեռացնելով նրանց հասարակական կյանքի մասնակցությունից: Հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն իրենց նկատմամբ խտրականության վերացման եւ օրենքի առջեւ հավասար պաշտպանության ապահովման: Անհրաժեշտ է կանխել, վերացնել եւ պատժել ցանկացած անգործություն եւ անօրինական միջամտություն, որպեսզի օրենքով ամրագրված իրավունքները սկսեն գործել:
Հետեւողականորեն աշխատելով հանուն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության` մենք շարունակելու ենք պայքարել գործող օրենքների պատշաճ կիրառման եւ միջազգային ստանդարտներին չհամապատասխանող ու խտրական օրենքների եւ պրակտիկաների վերացման ու բարելավման ուղղությամբ:





























