Հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ժամանակացույցի համաձայն, «ԳԱԼԱ» Հ/Ը-ը ներկրել է նոր տեխնիկա-սարքավորումներ, որի մաքսազերծման գործընթացը արհեստականորեն ձգձգվում է: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից հայտնում են, որ իրենք կատարել է փաստաթղթային բոլոր պարտավորությունները, սակայն ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատունը ներկրված ապրանքի մաքսազերծման գործընթացը անհիմն կերպով, առանց որեւէ պատճառաբանության կասեցրել է:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը գործընթացի կասեցման պատճառները ճշտելու համար ապրիլի 1-ին նամակ է հասցեագրել ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատան պետ Կ. Մանուկյանին, որի պատասխանը մինչ օրս չի ստացվել: Ավելին, նամակն անգամ չի գրանցվել մաքսատան գրանցամատյանում:

Ապրիլի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը պարզաբանումներ ստանալու համար մաքսատուն է ուղարկել եւս մեկ գրություն՝ կից նախորդ նամակով, որտեղ մեկ անգամ եւս նշված է, որ հեռուստաընկերությունը ի սկզբանե պատրաստ է կատարել իր բոլոր վճարումները եւ հետագայում առաջացած խնդիրների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատան վրա:

«Հայտարարում ենք, որ հայրենի մաքսավորների նման գործելաոճն անընդունելի է եւ վնասակար, քանի որ լրջորեն խոչընդոտում է „ԳԱԼԱ“ հեռուստաընկերության բնականոն աշխատանքին, ինչի հետեւանքով հեռուստաընկերությունը նաեւ ֆինանսական կորուստներ է կրում: ՊԵԿ Գյումրու տարածքային մաքսատունը արհեստական արգելքներ է ստեղծում՝ լավ պատկերացնելով, որ ապրանքի մաքսազերծման գործընթացի մեկնարկից 10 օր հետո „ԳԱԼԱ“ հեռուստաընկերությունը կարող է ենթարկվել տույժ-տուգանքի»,- ասված է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ: