Կավե կարասում գինի պատրաստելու ավանդական վրացական եղանակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության կարգավիճակ է ստացել:
Ըստ Վրաստանի մշակութային ժառանգության գործակալության` կարասում գինի պատրաստելու վրացական եղանակն աշխարհում իր նմանը չունի: Դա բնական եւ էկոլոգիապես մաքուր եղանակ է, որը գինեգործական տեխնոլոգիաներից լավագույնն ու բացառիկներից մեկն է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության հանձնաժողովի ութերորդ նիստն է ընթանում Բաքվում` դեկտեմբերի 2-7-ին: «Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ Բաքվում է գտնվում Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը` մշակույթի եւ հուշարձանների պահպանման նախարար Գուրամ Օդիշարիայի գլխավորությամբ:
Կարասները հին ժամանակներից օգտագործվել են գինիների խմորման եւ պահպանման համար: Գինով կարասը սովորաբար հորում են գետնի տակ, ծածկում խուփով, որն էլ ծեփում են կավով: Կարասները կարող են լինել մոտավորապես երկու մետր բարձրությամբ եւ կես մետր լայնությամբ:




























