ԱՄՆ ատոմային դոկտրինի գլխավոր գերակայությունը ահաբեկչական սպառնալիքին եւ ատոմային զենքի տարածումը դիմագրավելն է: Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ներկայացնելով երկրի նոր ատոմային դոկտրինը:

Ամերիկյան նախագահի խոսքով, նոր դոկտրինը նախատեսում է, որ ԱՄՆ, նրա դաշնակիցների եւ գործընկերների ազգային անվտանգությունը պետք է պաշտպանվի սովորական ամերիկյան սպառազինությունների եւ ուժեղ ՀՕՊ-ի միջոցով:

Ընդ որում, Միացյալ Նահանգները, ինչպես նշել է Օբաման, իր վրա պարտավորություն է վերցնում ատոմային զենք չկիրառել ոչ ատոմային երկրների դեմ, անգամ այն դեպքերում, եթե նրանք հարձակում կատարեն կենսաբանական կամ քիմիական զենքի օգտագործմամբ: Նախագահի կարծիքով, նման հարձակումները կարելի է կանխել ժամանակակից սովորական սպառազինությունների միջոցով՝ չդիմելով ատոմային զինանոցի օգնությանը:

Այդուհանդերձ, նոր ռազմավարությունը բացառություն է անում այն երկրների համար, որոնք չեն կատարում Ատոմային զենքի չտարածման համաձայնագրի պահանջները: Առաջին հերթին, խոսքը գնում է Հյուսիսային Կորեայի եւ Իրանի մասին:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սպիտակ տան նոր դիրքորոշումը «ԱՄՆ ատոմային ուժերի վերափոխման կարեւոր փուլ է անվանել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: