Թուրքիայի խորհրդարանական միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»(BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը իր կուսակցության խորհրդարանական խմբակցության համաժողովի ժամանակ քննադատել է թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, այդ թվում Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունների նախապատրաստությունները ընդդեմ քրդերի:

«Մենք այստեղ համաժողով ենք իրականացնում, իսկ սահմանին ակտիվ ռազմական նախապատրաստություններ են իրականացվում: Վերջին անգամ նույնիսկ լեռնահանքային հանձանաժողովի անդամները տեսան թե ինչ է կատարվում Ջուդիի հատվածում: Ի՞նչ է ցանկանում անել այն իշխանությունը, ով ասում է քրդական հարցը խաղաղությամբ կլուծեմ: Կրկին մեծ բախումների եւ պատերազմական սցենարների՞ են նախապատրաստվում: Եթե իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը նման գործողություն իրականացնի, մենք կգնանք հակամարտության գոտի: Մենք թույլ չենք տա, որ մեր մայրերն արտասվեն: Ներկայումս Հյուսիսային Իրաքի հետ սահմանին մեծամասշտաբ ռազմական գործողությունների են պատրաստվում քրդերի դեմ: Եթե իշխող կուսակցությունը դրանից տեղյակ չէ, թող հայտարարությամբ հանդես գա: Եթե հարկ եղավ, ռազմական գործողությունների շրջան կգնանք, տանկերի առաջ կկանգնենք եւ կասենք, որ երիտասարդները չպետք է միմյանց սպանեն: Մենք թույլ չենք տա նոր բախումների: Թող դա լավ իմանան»-նշել է Սելահաթին Դեմիթաշը:

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մարտի կեսերից Թուրքիայի հարավ-արեւելյան սահմանային հատվածներում զինուժի կուտակումներ իրականացվում: Ժամանակ առ ժամանակ հրետանիով եւ ռազմական ուղղաթիռներով հարվածներ են հասցվում Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի զինյալների դիրքերի ուղղությամբ: