Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, որն այս տարի համընկնում է ՖՄԿ 40-ամյա հոբելյանի հետ:

Կողմերը հանգամանալից զրուցել են Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի առավել սերտացմանն ուղղված քայլերի վերաբերյալ` կարեւորելով Հայաստանի Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ համալսարանների արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների հետ: