«Հայաստանը մեծ տեղ է տալիս ֆրանկոֆոն երկրների հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը. դրա վկայությունն է Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը»,- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ ապրիլի 7-ի տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նշելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան հետ Հայաստանն անցած տարի մի հուշագիր է ստորագրել, որով հայ քաղաքական շատ գործիչներ պարտավորվել են ֆրանսերեն սովորել, Է. Նալբանդյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ ֆրանսերեն կարող են սովորել նաեւ հայ լրագրողները։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանը վճռականորեն առաջ է շարժվում ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում. «Ֆրանկոֆոնների ընտանիքում Հայաստանը կարեւոր դեր ունի։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ երբ 2009-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամփոփում էր իր աշխատանքների արդյունքները, իր համար բացահայտեց, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մեծ թվով միջոցառումներ է կազմակերպել։ Հույս ունեմ, որ Հայաստանի օրինակին շատ երկրներ կհետեւեն»,- նշեց Դիուֆը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում երեկ ինքը հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, հայաստանյան համալսարանականների եւ դասախոսական կազմի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ։ «Ես արդեն հանդիպել եմ հայկական ոգու հետ, եւ դա է պատճառը, որ մտադիր եմ երկրորդ անգամ վերադառնալ Հայաստան, բայց արդեն մասնավոր այցով եւ տիկնոջս հետ»,- ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղարը:
Ամփոփելով՝ Աբդու Դիուֆը նշեց, որ ինքը մասնակցել է նաեւ երեկ Երեւանում մեկնարկած Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովին:
Նշենք, որ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկել են մարտի 19-ին եւ շարունակվելու են շուրջ մեկ ամիս։




























