Երեւանի Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում վաղը՝ ապրիլի 8-ին բացվելու է Ստեֆան Կոպպելկամի «Տեղական ժամանակ – Local Time» խորագրով պաստառային ցուցահանդեսը:

Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից առաջարկվող այս ցուցահանդեսում ներկայացված են գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպպելկամի տպավորությունները, ով Բեռլինի պատի անկումից հետո ուղեւորվել է դեպի Արեւելյան Գերմանիա՝ պատկերելու այն ամենը, ինչը շուտով ճարտարապետության տեսանկյունից այլեւս գոյություն չէր ունենալու։ Շուրջ տաս տարի անց նա նորից լուսանկարել է այդ շենքերը։ Արդյունքում պատկերվել է նախ այն, թե ինչպես վարվեցին ճարտարապետության հետ. մերթ հազիվ ընկալելի փոփոխություններ, մերթ դրան հակառակ ռեստավրացիաներ, որոնք միշտ չէ որ շահավետ են։ Սեւ ու սպիտակ այս լուսանկարները ճարտարապետական տեսանկյունից բացի՝ փաստագրում են նաեւ Բեռլինի պատի անկումից հետո Գերմանիայում կատարված փոփոխությունները՝ հանդիսանալով պատմությունը ներկայացնելու մեկ այլ ձեւ։

Այս ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 2-ը։ Ցուցահանդեսին զուգահեռ կկազմակերպվեն նաեւ զեկուցումներ ու այլ միջոցառումներ։