Անհայտ քաղաքացուց ոստիկանության Մեծամորի բաժնում, դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ֆուտբոլի խաղադաշտին կից տնակն այրվում է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անչափահասներ` 17-ամյա Դավիթ Հ.-ն, 15-ամյա Գոռ Խ.-ն, 15-ամյա Հովհաննես Մ.-ն եւ 17-ամյա Սամվել Զ.-ն նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, չկողպված դռնից մուտք են գործել Մեծամոր քաղաքի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող նշված տնակը` վառարանը վառելու եւ տաքանալու նպատակով, որի ընթացքում, անզգուշաբար, բենզինով լցված շշով վառարանը վառելու պահին հրդեհ է բռնկվել ու այրվել է տնակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 19.00-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Անչափահասները ներկայացվել են բաժին եւ հանձնվել ծնողներին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:




























