Մեկ ամսից ավել է, ինչ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա նշեց, որ հայտնի չէ, թե երբ կբացվի ճանապարհը, թեեւ արդեն այդ տարածքը հանգիստ է, կրակոցներ չկան:
«Այդ հատվածը ընկնում է ադրբեջանական հենակետերի ուղղությամբ, այն անվտանգության նկատառումներով փակ է, այժմ տարածքը խաղաղ է»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ վարորդները օգտվում են Ոսկեպար-Բաղանիս թիկունքային ճանապարհից, որը բավականին լավ եւ բարեկարգ վիճակում է:





























