«ԱրմենՏելի» աշխատակիցները նախորդ երկու օրերին ահազանգել են համապատասխան մարմիններին, որ Շիրվանզադեի 33/19 հասցեում գտնվող գրասենյակի շենքում անհայտ գազի հոտ է տարածվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Ահազանգերից հետո երկու օրվա ընթացքում ժամանել են էլցանցերի, գազի անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության համապատասխան ծառայության աշխատակիցները: Ստուգումներ են իրականացրել, եւ նշել են, որ որեւէ վտանգ չկա»,- ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին ահազանգով ժամանած ԱԻՆ աշխատակիցները պարզել են, որ գարշահոտ գազի աղբյուրը շենքի մոտակայքում գտնվող դիտահորն է, եւ առաջարկել են փակել շենքի եւ դիտահորի ստորգետնյա բոլոր կոմունիկացիաները, ինչպես նաեւ ազատել շենքը:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայութան ղեկավարը նշեց, որ ընկերության աշխատակիցները մինչեւ ուշ գիշեր զբաղվել են շենքի ու ջրհորի կոմունիկացիոն խողովակները փակելով, սակայն նկուղում եղած խողովակները մթության պատճառով չեն նկատել, ինչի հետեւանքով էլ գազը կուտակումը շարունակվել է:
«Առավոտյան են նկատել, երբ փորձել են դրանք եւս փակել տեղի է ունեցել պայթյունը: Բարեբախտաբար զոհեր չկան: ԱԻՆ-ը դեպքից հետո սկսել է գազի կուտակման աղբյուրի բացահայտման աշխատանքը: Սակայն դեռեւս նորություն չկա ոչ գազի բաղադրության, ոչ էլ դրա առաջացման աղբյուրի մասին»,- ասաց Բեղլոյանը՝ ընդգծելով, որ շենքի շահագործումը չի վերսկսվի մինչեւ հանգամանքների պատճառների ու դրանց վերացումը:
«Աշխատակիցները այլ գրասենյակներում կաշխատեն, մինչեւ հայտնաբերվի գազի առաջացման աղբյուրը»,- նշեց նա:
Նշենք, որ Շիրվանզադեի փողոցի այդ հատվածում կան բնակելի շենքեր եւ դպրոց, որոնք փաստորեն եւս կարող են վտանգված լինել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շիրվանզադեի 33/19 շենքի նկուղում տեղի ունեցած դեկտեմբերի 11-ին, ժամը 10:23-ին, գազի կուտակման հետեւանքով տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ պարզ չէ։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ մասնագետները եւ ոստիկանները, որոնք փորձում են պարզել, թե ինչ գազի կուտակման հետեւանքով է եղել պայթյունը։





























