Երեւանում ապրիլի 7-ին աշխատանքն է սկսել հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը։ Նիստը բացեցին միջկառավարական հանձնաժողովի նախագահներ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարալալիեւը։ «Երկու երկրների միջեւ քաղաքական անհամաձայնություն չկա, եւ հարաբերությունները բարեկամական են, սակայն գոհացուցիչ չեն ապրանքաշրջանառության ծավալները»,- նշեց Մովսիսյանը։

Թուրքմենստանի փոխվարչապետը նիստի մասնակիցներին փոխանցեց իր երկրի նախագահի ողջույնը, եւ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի ու Թուրքմենստանի միջեւ կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնք դրական ազդեցություն կունենան հարաբերությունների խորացման վրա։

Տեղեկացնենք, որ ապրիլի 8-ին Երեւանում կբացվի թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառք, եւ երկու երկրների գործարարների միջեւ բիզնես-համաժողով կկազմակերպվի։