NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության խմբագրությունը տեղեկացել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցով էթիկայի հանձնաժողով դիմելու եւ ստորագրահավաք սկսելու նախաձեռնության վերաբերյալ:
Դեպքին անդրադարձել է նաեւ «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ ձեւաթղթի տակ թերթի թղթակցից բացի ստորագրել է նաեւ NEWS.am-ի թղթակիցը, սակայն կես ժամ անց նա էլ է ջնջել իր ստորագրությունը՝ գրելով, որ ջնջումն իրենն է: Ընդ որում, օրաթերթի հոդվածում, չգիտես ինչու, գրված է ձեւաթուղթ, մինչդեռ ընդամենը «Հրապարակի» թղթակցի կողմից ներկայացվել է դատարկ, A4 ձեւաչափի թուղթ, որի վրա որեւէ նշում, պահանջ կամ կոչ չի եղել:
NEWS.am-ի խմբագրությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է միանալ լրագրողների իրավունքների պաշտպանությանը միտված ցանկացած ստորագրահավաքի, բողոքի ակցիայի եւ միջոցառման: NEWS.am-ի խմբագրությունը դատապարտում է պաշտոնատար ցանկացած անձի կողմից լրագրողներին վիրավորելու յուրաքանչյուր դեպք:





























