Մոսկվայում Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է  «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինի հետ եւ քննարկել վերջին շրջանում Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ծավալվող գործունեության ընդլայնման, մասնավորապես, հոկտեմբերի 3-4-ը Ս.Կալուգինի Երեւան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման հետ կապված հարցերը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրական գնահատելով համագործակցության առկա արդյունքները` կողմերը պայմանավորվել են շարունակել դրա խորացմանն ուղղված ջանքերը:

Այնուհետեւ տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպման մասնակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին նշված ոլորտում հայ-ռուսական շփումների ակտիվության կապակցությամբ` հատուկ ընդգծելով վերջերս` ս.թ. 25-29-ը Երեւանում կայացած հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը: ԱԱԽ քարտուղարը նշել է, որ երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում փոխգործակցության որակապես նոր մակարդակի հասնելու գործում առանցքային դեր կխաղա Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրված պայմանագիրը, որը ս.թ. դեկտեմբերի 4-ին վավերացվել է հայկական կողմից: Կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ փոխգործակցության ծավալման հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք նոր եւ հեռանկարային ուղղություններով: 

ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմին փոխանցված «Մարս» ՓԲԸ գործարանի եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ձեռնարկությունների զարգացման ծրագրերի հետ կապված հարցերը: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ հայկական կողմը կարեւորում է նշված ձեռնարկությունների լիարժեք գործարկումը երկարաժամկետ հեռանկարում: Կողմերի համոզմամբ, նշված գործընթացի հաջող իրականացումը թույլ կտա խորացնել հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը թե՛ տնտեսական, թե՛ ռազմարդյունաբերական բնագավառներում: 

Այնուհետեւ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ պետական ռեզերվների գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ: Նշված հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված հարցերը: Այդ կապակցությամբ նշվեց, որ ի կատարումն ս.թ. հունիսի 23-25-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պատրուշեւի ՀՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ: Այդ ուղղությամբ հետագա գործողություններն իրականացվելու են համաձայն ս.թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ Նախագահ Վ.Պուտինի պետական այցի շրջանակներում ստորագրված` ՀՀ եւ ՌԴ միջեւ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագրի համաձայն: Կստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ, որը կմշակի «Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոնի ստեղծման մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագրի» նախագիծը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի վերջին պաշտոնական հանդիպումը ՌԴ Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավարության հետ էր: Կողմերը քննարկեցին տիեզերքի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Գոհունակությամբ նշվեց, որ այսօր արդեն իսկ իրականացվում են համատեղ ծրագրեր, մասնավորապես, Բյուրականի աստղադիտարանի հնարավորությունների օգտագործմամբ:

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ առաջիկայում կստեղծվի մշտապես գործող հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ ոլորտում առկա բոլոր հարցերի քննարկմամբ: 2014թ. ընթացքում կկազմակերպվի Ռոսկոսմոսի ղեկավարի այցը Հայաստան, որի շրջանակներոմ կողմերի միջեւ կստորագրվի համապատասխան փաստաթուղթ, որում կնախանշվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հետագա աշխատանքները: