Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը գտնվում է նորգաղութային կախյալության վիճակում, երկրում տիրում է կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկած համակարգային ճգնաժամ եւ աղետալիության սահմանն անցած արտագաղթ: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս ամենին գումարվում է արտաքին ուժերի հետզհետե ուժեղացող ճնշումը, ինչի հետեւանքով Հայաստանը հայտնվում է գոյություն չունեցող դե-ֆակտո անկախության հետ միասին նաեւ դե-յուրե անկախությունը կորցնելու եւ դասական գաղութացման ենթարկվելու վտանգին դեմ հանդիման:

Միեւնույն ժամանակ` Նախախորհրդարանը, կանխազգալով այդ վտանգը եւ իր ստեղծման օրվանից ահազանգելով դրա մասին, գործնական քայլեր է ձեռնարկել ժողովրդի գիտակցությունն արթնացնելու եւ դիմադրություն կազմակերպելու ուղղությամբ: Այդ նպատակով նա մշակել եւ  Հայաստանը նորգաղութային կախյալությունից ազատագրելու եւ Նոր որակի հայկական պետություն կառուցելու ծրագիր եւ ձեռնամուխ է եղել դրա իրագործմանը:

Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ ներկայումս Ծրագրի առաջին` նախապատաստական փուլի հիմնական աշխատանքը մոտենում է ավարտին, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ Հայաստանի գաղութացումը եւ համակարգային ճգնաժամը նոր թափ են առնում, մինչ օրս կատարած իր աշխատանքին զուգահեռաբար արագացված տեմպերով մեկնարկում է Ծրագրի հաջորդ փուլը: Դրա ընթացքում հիմնական քայլերն ուղղված են լինելու Հայաստանում ու արտերկրի գաղթօջախներում ժողովրդին ցանցային սկզբունքով համախմբելուն եւ առկա պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող հիմնական պետական մարմինները ձեւավորելուն:

Ծրագրի համաձայն` այդ փուլում նախատեսվում է ձեւավորել ապագա հայկական պետության օրենսդիր մարմինը` Հիմնադիր խորհրդարանը, որը հետագայում կստեղծի Անցումային կառավարություն, ժողովրդի լիազորությամբ ու ուժով կհեռացնի հանցավոր վարչախմբին եւ Անցումային փուլում կստանձնի երկրի կառավարումը: Հիմնադիր խորհրդարանը բաղկացած է լինելու 65 անդամից եւ գործելու է ոչ միայն որպես օրենսդիր մարմին, այլեւ որպես ազգային-ազատագրական շարժման կառավարման մարմին:

Նախախորհրդարանն արդեն հաստատել է Հիմնադիր խորհրդարանի անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշները, որոնք առաջիկա օրերին կհրապարակվեն:

Միեւնույն ժամանակ` Նախախորհրդարանը ձեռնամուխ է եղել հետզհետե ավելի հավանական դարձող ֆորս-մաժորային սցենարի պարագայում ժողովրդի հաղթանակի համար անհրաժեշտ գործողությունների պլանի մշակման եւ նախադրյալների ձեւավորման գործին»: