«Նախախորհրդարանի» նպատակը Հայաստանում այլընտրանքային կառավարման համակարգի ստեղծումն է, որի առաջին մարմիններից մեկը լինելու է հիմնադիր խորհրդարանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, «Նախախորհրդարանի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նախախորհրդարանի» նախագահության անդամ Գարեգին Չուգասզյանը:

«Մեկ տարի առաջ շուրջ 30 մտավորականներ և ակտիվիստներ միավորվեցին այն գիտակցությամբ, որ Հայաստանում ձևավորված բազմագլուխ չարիքների արմատը նոր գաղութային կառավարման համակարգն է և դրա դեմ պետք է պայքարել»,-ասաց Գարեգին Չուքասզյանը՝ ամփոփելով «Նախախորհրդարանի» մեկ տարվա գործունեությունը։

«Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիքգոմշյանն ասաց, որ հիմնադիր խորհրդարանի անդամներին ընտրելու են հանրաքվեի միջոցով և ընտրությունների վերահսկողը ժողովուրդն է լինելու. «Հիմնադիր խորհրդարանը ինչ-որ իմաստով ունի ստվերային խորհրդարանի գործառույթ, այն իմաստով, որ մենք պայմանականորեն գողանում ենք այս ռեժիմի գոյությունը և դրան զուգահեռ ստեղծում ենք նոր պետության կառույցների սաղմերը»։

Հիմնադիր խորհրդարանը, Ալեք Եբիգոմշյանի խոսքով, ունենալու է 65 անդամ, օրենսդիր գործառույթներ, որոնք վերաբերելու են նոր հայկական պետականությանը և դրան զուգահեռ այն լինելու է պայքարի մարմին. «Ընդդիմադիր խորհրդարանը, որն ինքնառաջացումով է ձևավորվել, հաջորդ փուլում ապահովելու է դրա լեգիտիմացումը ՀՀ քաղաքացիների հետ կնքվելիք պայմանագրերի միջոցով»:

Ալեք Ենիքգոմշյանն ասաց, որ Հայաստանը հատկապես վերջին տարիների ընթացքում կորցրել է 20 տարի առաջ ձեռք բերած դե յուրե անկախության ատրիբուտները, իսկ դե ֆակտո անկախություն սկզբից էլ չենք ունեցել։ Հիմնադիր խորհրդարանը լինելու է այն մարմինը, որն իրականացնելու է հայկական պետականության հաստատումը, կայացումը և ազգային-ազատագրական պայքարը ուղղված է լինելու դե ֆակտո և դե յուրե անկախությունների ձեռք բերմանը: