Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության ոչ մի հանրաքվե էլ չի անցկացվի, իսկ 2014թ. նոյեմբերի 9-ին նշանակված հանրաքվեն նա անվանել է ոչ սահմանադրական:
Ռախոյը հայտարարել է, որ անկախության հանրաքվեն, որի անցկացման ամսաթիվը հրապարակել էր Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը, հակասում է Սահմանադրությանը:
«Այդ նախաձեռնությունը բացահայտ հակասում է Սահմանադրության հիմքում ընկած իսպանացի ժողովրդի միասնականության սկզբունքին: Այդ պատճառով էլ իմ գլխավորած կառավարությունը չի կարող ոչ թույլ տալ, ոչ էլ որեւէ բանակցություններ վարել այդ հարցի վերաբերյալ», — հայտարարել է Իսպանիայի վարչապետը:
Ըստ նրա` ոչ մի հանրաքվե էլ չի լինի, եւ անիմաստ է քննարկել այն անցկացնելու նույնիսկ հնարավորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի կառավարությունը դեկտեմբերի 12-ին անկախության հանրաքվեի անցկացման ամսաթիվ էր նշանակել՝ 2014թ. նոյեմբերի 9-ին:
Ավելի վաղ` 2013թ. հունվարին, Կատալոնիայի կառավարությունը ինքնիշխանության հռչակագիր էր ընդունել, ինչպես նաեւ անկախության հանրաքվե անցկացնելու որոշում: Սակայն այդ հռչակագիրը կասեցվել էր Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից: Համապատասխան հայցը դատարան էր ներկայացվել երկրի կենտրոնական կառավարության կողմից:





























