Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը դեկտեմբերի 12-ին, մերժել է գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: «X գրուպ»-ի սեփականատերը օրաթերթից եւ լրագրողից պահանջում էր վճարել ընդհանուր 3,2 մլն դրամ՝ իրեն վիրավորելու եւ գործարար համբավն արատավորելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Ժողովուրդ» թերթից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել խանութներում: ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով հերքում եւ 3 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար: Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, քննելով օրաթերթի ներկայացրած փաստարկները, կայացրել է վիճռ՝ մերժել Խաչատրյանի հայցը՝ այդպես հաստատելով, որ Խաչատրյանի ընկերությունն իսկապես ժամկետանց հավկիթներ է վաճառել:

Բայց սրանով չի ավարտվել Խաչատրյանի եւ օրաթերթի դատական քաշքշուկը: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը գործարարից հետաքրքրվել էր, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, Խաչիկ Խաչատրյանը ի պատասխան ասել էր, թե «դե գրի ազիզ ջան, գրի, որ դու պրաստիտուտկա ես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը հայց է ներկայացրել գործարարի դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն խնդրել լրագողից: Խաչատրյանն էլ ի պատասխան այլ հայցով մտավ դատարան ՝ օրաթերթից եւ լրագրողից պահանջելով եւս 3,2 մլն դրամ: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը մերժել է օրաթերթի հայցը: Այն բողոքարկվել է մինչեւ ՀՀ Վճռաբեկ դատարան եւ մերժվել: Շուտով «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչեւ վերջ պաշտպանելու լրագրողի իրավունքները:

Եւ ահա երեկ պարզվել է, որ դատարանում պարտվեց նաեւ Խաչիկ Խաչատրյանը, որը վիրավորել էր մեր լրագրողին:

«Ինչպես ասում են՝ տարոսը «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ այս կուսակցությունն էլ է դիմել դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել ընդհանուր 7 մլն դրամ՝ կեսը ՕԵԿ-ի, կեսն էլ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա՝  «քույիկ Լեւոն» մականունով հայտնի Լեւոն Դոխոլյանի բարի համբավն իբր արատավորելու համար»,- հայտնեցին թերթից: