ՀՀ բյուջեի համար հավելյալ 100 միլիարդ դրամ (245 միլիոն դոլար) հավաքելը դժվար կլինի: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել  է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: «Առանց հարկային վարչարարության ավելացման նման գումար հավաքելը բարդ խնդիր է: Հուսանք, որ այն չեն փորձի լուծել փոքր եւ միջին բիզնեսի վրա հավելյալ ճնշում գործադրելու ճանապարհով», - ասել է Մելքումյանը:

Ըստ նրա` ՀՀ կառավարությունը, հավանաբար, զգուշությունից ելնելով, 2013թ. համեմատ նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը: Եթե 2013թ. ադյունքներով կանխատեսվում էր 6,2% աճ, ապա այժմ`4,1%: «Այդ պատճառով էլ  2014թ. համար նախատեսված է 5 – 5,5% աճ: Սակայն նույնիսկ այդ ցուցանիշը դժվարություններ կստեղծի բյուջետային միջոցներ հավաքելու հարցում»:

Ըստ պատգամավորի` եկամուտների աճի կարելի է հասնել կամ գնաճի ավելացման, կամ էլ տնտեսության մեջ  «ստվերի» կրճատման ուղղությամբ իրական քայլեր կատարելու դեպքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագիծը հաստատվել էր խորհրդարանում:  Բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 135 միլիարդ 900 միլիոն դրամ  (2 804 միլիոն դոլար), ծախսերը` 1 տրիլիոն 246 միլիարդ 400 միլիոն դրամ (3 077 միլիոն դրամ): Բյուջեի դեֆիցիտը կկազմի 110 միլիարդ 500 միլիոն դրամ (272 միլիոն դրամ):